Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի շուրջ 30 ներկայացուցիչների, որոնց կազմում էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանի նախկին անդամներ, դեսպաններ, առաջատար փորձագետներ և լրագրողներ` ասոցիացիայի տնօրեն Կլաուս Կարստեն Պեդերսենի գլխավորությամբ։
Օգտվելով առիթից՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց 2011 թ. նոյեմբերին Կոպենհագեն իր այցելության շրջանակներում Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում ջերմ ընդունելության, իր ելույթը կազմակերպելու համար և կարևորել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ասոցիացիայի անդամներն այցելում են Հայաստան։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբադյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:









































