BBC-ի փոխանցմամբ՝ բրիտանացի արքայազն Ուիլյամը ճաշել է Հարթֆորդշիրի դպրոցական ճաշարանում։ Քեմբրիջի դուքսի այցը ուսումնական հաստատություն որակվել է որպես անսպասելի։ Ուիլյամն աշխատում է Արևելյան Անգլիայի օդային շտապօգնության օդաչու, նա բժիշկներին հասցրել է հիվանդանոց և թռչել է Ջոն Հենրի Նյումանի դպրոց, որը գտնվում է Սթիվենիջում։
Նրա ուղղաթիռը վայրէջք է կատարել մարզահրապարակում, ինչից հետո արքայազնը ուղևորվել է դեպի դպրոցական ճաշարան։ Ավագ ուսուցիչ Կլայվ Մեթյուն հայտարարել է, որ Ուիլյամի այցը եղել է կատարյալ անսպասելի։ Նրա խոսքերով՝ օդային շտապօգնությունը կանոնավորապես օգտագործում է դպրոցական հրապարակը, և դպրոցի անձնակազմը մշտապես ազատում է այն։
Վայրէջքից հետո շտապօգնության աշխատակիցներին առաջարկում են ուտեստներ ու ըմպելիքներ։ Ուսումնական հաստատության աշխատակիցները չեն կասկածել, որ այս անգամ ուղղաթիռում կգտնվի Քեմբրիջի դուքսը։ Մեթյուն ընդգծել է, որ արքայազնը հերթ է կանգնել երեխաների շրջանում, ստացել է իր լանչը և սկսել է ուտել այն։ Դրանից հետո նրան շրջապատել են դպրոցականները, և նա զրուցել է նրանց հետ։









































