Ըստ Առողջապահության նախարարության՝ հունվարի 13-ն առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլ նաև նկատելի է դեպքերի նվազում: Այսօր Հայաստանում ունենք սուր շնչառական վարակներով 799 հիվանդ, վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում նրանցից 81-ը: Շնչառական վարակներով հղի կանաց թիվը նախկին 101-ից նվազել է 78-ի, երեխաների թիվը 720-ից դարձել է 684: Միաժամանակ, այս պահի դրությամբ, 14 հիվանդի միացված է արեստական շնչառության սարք, նրանցից 8-ի մոտ հաստատվել է H1N1 գրիպի տեսակը:
«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ:
Կ. Բաբինյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաների աշխատակիցները քաղաքապետի հանձնարարականով աշխատել են նաև տոն օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը: Այդ ընթացքում պոլիկլինիկա է դիմել 915 քաղաքացի, հունվարի 8-ից մինչև այսօր այցերի թիվը հասել է շուրջ 18 հազարի: Շտապօգնության ծառայությունն այս օրերին աշխատել է բավականին լարված ռեժիմով, ավելի քան 11 հազար կանչեր է սպասարկել:
Կամսար Բաբինյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակներին, մասնավորապես գրիպին, նշեց, որ ամենևին կարիք չկա խուճապի մատնվելու: Նրա դիտարկմամբ՝ ամեն տարի, կապված սեզոնի՝ ձմռան հետ, մենք ունենում ենք գրիպով, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ: Նա նշեց, որ այս տարի, անցած տարվա հետ համեմատած, նկատելի է թվի որոշակի աճ, սակայն իրավիճակը վերահսկելի է:
«Մեր պոլիկլինիկաները ապահովված են դեղորայքով»,- հավաստիացրեց Կ. Բաբինյանը և հորդորեց տանը ինքնաբուժությամբ չզբաղվել: «H1N1 տեսակի գրիպը բերում է թոքի հյուսվածքի քայքայման, եթե ժամանակին բժշկի չդիմեն: Նախանշանների դեպքում, եթե նկատելի է ջերմության բարձրացում, մկանային ցավ, դող, ապա պետք է դիմել ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն, որտեղ կկատարվի մասնագիտական հետազոտություն և համապատասխան բուժում կնշանակվի»,- նշեց Կամսար Բաբինյանը և հավելեց, որ հետազոտությունն անհրաժեշտության դեպքում կիրականացվի անվճար, իսկ դեղորայքն անվճար կտրամադրվի միայն Կառավարության կողմից սահմանված հատուկ խմբի անձանց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































