ԱՄՆ նախգահ Բարաք Օբաման չի բացառում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն համարում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն չափն անցնում է` խաղալով բնակչության վախերի վրա և առաջարկելով ներքին բարդ խնդիրների պարզեցված լուծումներ: Այդ կարծիքը նա հայտնել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Լսեք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա, պատասխանելով Թրամփի հնարավորությունների վերաբերյալ հեռուստաընկերության հարցին: «Գիտեք ինչ, կխոսենք, եթե նա հաղթի: Այդ ժամանակ էլ կխոսենք դրանում իմ պատասխանատվության մասին»:
Նա հեգնանքով հնարավոր է համարել, որ ապագայում Թրամփը նույնպես ելույթ կունենա «երկրի դրության վերաբերյալ» նախագահական ուղերձով: «Ես կարող եմ այդպիսի բան պատկերացնել միայն Saturday Night (հումորիստական) հեռուստահաղորդման եթերում»,- կատակել է Օբաման: «Ես համոզված եմ, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը տրամադրված է քաղաքական կուրսին, որը ջերմացնում է հույսերը, այլ ոչ թե վախերը, որը համախմբում է, այլ ոչ թե ջանում է պառակտում մտցնել, որը չի փնտրում պարզ լուծումներ և քավության նոխազներ»,- նշել է Օբաման:
Օբամայի խոսքերով` նա վշտացած է ամերիկյան հասարակութան պառակտմամբ այնպիսի խնդիրների հարցում, ինչպես բռնությունը, հարզենի օգտագործումը, միգրացիան և իրավապահ մարմինների կամայականությունները: Միաժամանակ, նախագահը կարևոր է համարում չմոռանալ ամերիկացիներին հատուկ ձախորդությունները հաղթահարելու և երկիրը վերածնելու ունակությունը:








































