Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների գլխավոր մարզիչներից՝ անգլիական մի շարք առաջատար ակումբներում մարզչական փոփոխությունների մասին շրջանառվող լուրերի համար առիթ հանդիսանալու պատճառով:
«Ես ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Ֆուտբոլիստի և մարզչի կարիերայիս ընթացքում միշտ հարգել եմ գործընկերներիս: Ներողություն եմ խնդրում ստեղծված իրավիճակի համար: Ես վատ մտադրություններ չեմ ունեցել»,- ESPN-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի՝ մյունխենյան ակումբից հեռանալու որոշման պատճառով բազմաթիվ տեղեկություններ են տարածվել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջիկա մրցաշրջանում Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեթսեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն կամ «Արսենալ»-ը, ինչը ճնշման է ենթարկել թիմերի ներկայիս մրազիչներին:






































