Միացյալ Թագավորության ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցներն անհանգստացած են բրիտանուհիների թվի աճով, ովքեր լքել են երկիրը և ուղևորվել Սիրիա՝ ապրելու իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ինչպես հայտնում է Press Association-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին, անցած տարվա տվյալներով՝ 56 կանայք ուղևորվել են Սիրիա։
Աղմկալի դեպքերից մեկը, երբ բրիտանական թագավորության քաղաքացիները որոշել են թողնել երկիրը, տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարին։ 15 և 16 տարեկան երկու աղջիկներ Լոնդոնի արևելքից ուղևորվել են Սիրիա և ենթադրաբար ամուսնացել ԴԱԻՇ-ի գրոհայինների հետ։
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ տվյալներով՝ մինչ օրս Իրաք և Սիրիա են ուղևորվել իսլամ դավանող մոտ 750 քաղաքացիներ՝ միանալու ԴԱԻՇ-ին։ Արմատական քարոզիչների ազդեցության տակ ամենից հաճախ հայտնվում են դեռահասները։








































