Կրտսեր բժիշկները երեքշաբթի մեկօրյա գործադուլ են սկսել ամբողջ Անգլիայում, ինչը սպառնում է լրջորեն խախտել առողջապահության համակարգի աշխատանքը: Ակցիան սկսվել է երեքշաբթի՝ տեղի ժամանակով 08:00-ին (մեր ժամանակով՝ 12:00-ին), : Դրան մասնակցում է մոտ 38 000 բուժաշխատող: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Բժիշկների գործադուլի պատճառ են դարձել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում են այդ կատեգորիայի բժիշկների համար աշխատաժամերի ավելացում՝ աշխատավարձի նվազեցմամբ: Սպասվում է, որ գործադուլի հետևանքով կհետաձգվի մոտ 4 000 վիրահատություն և բուժական պրոցեդուրա:
Բողոքի ակցիայի կազմակերպիչ Բրիտանական բժշկական ասոցիացիան հայտարարել է, որ բնակչությանն անհետաձգելի բուժօգնություն կցուցաբերվի նույն ծավալով, ինչ սովորական օրերին:
«Առողջապահության համակարգի աշխատակիցները մտավախություն ունեն, որ կառավարությունը ծրագրում է նվազեցնել գիշերային և հանգստյան օրերին աշխատանքի համար վճարը, ինչը բուժանձնակազմին հնարավորություն է տալիս ապրել աշխատավարձերի սառեցման ֆոնին»,- ասել է «Յունիսոն» արհմիության գլխավոր քարտուղար Դեյվ Փրենթիսը:





































