«Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ Ռուսաստանի համար: Իհարկե, եթե նավթի գինը նվազի 20 դոլարից, այդ դեպքում իսկապես շատ բարդ վիճակ կստեղծվի»:
Ռուսաստանի ղեկավարներն ընդամենը մեկ-երկու տարի առաջ համոզում էին իրենց քաղաքացիներին, որ նավթի համաշխարհային գները չեն իջնի 60-80 դոլարից, իսկ եթե հանկարծ անցնեն այդ սահմանագիծը, դա իսկական աղետ կլինի: Այսօր արդեն նավթի գները մոտենում է 30 դոլարին: Հունվարի 12-ի դրությամբ՝ Brent նավթի գինը Լոնդոնի բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 31,02 դոլար, իսկ ասիական շուկաներում WTI նավթի գինը, ըստ BBC լրատվականի, նվազել է 31 դոլարից:
Նավթի համաշխարհային գների շարունակական անկումն իսկապես կարող է ոչ միայն աղետալի հետևանքներ ունենալ հատկապես էներգակիրների հաշվին ապրող երկրների համար, այլև հեռանկարում լրջորեն ազդել միջազգային քաղաքականության վրա:
Այս փոփոխությունները սովորաբար ուղղակիորեն չեն ազդում Հայաստանի վրա, բայց հաճախ ունենում են միջնորդավորված ազդեցություն հատկապես ռուսական տնտեսության միջոցով:
Ռուսաստանցի քաղաքագետ և միջազգայնագետ Ալեքսանդր Ռահրը, սակայն, նավթի գների անկումն այնքան էլ սարսափելի չի համարում Ռուսաստանի համար, չնայած մի շարք փորձագետների խիստ հոռետեսական կանխատեսումներին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը եկամուտներ ստանալու նաև այլ ռեսուրսներ ունի և գոնե մի քանի տարի կարող է ապրել դրանց հաշվին:
Խոսելով Եվրասիական միության հեռանկարների մասին՝ Ռահրը նշեց, որ միտումները համաշխարհային տնտեսության մեջ կարող են շատ արագ փոխվել, և Եվրասիական տնտեսությունն ու Չինաստանը մոտ ապագայում կսկսեն նոր շուկաներ ու առևտրի նոր կենտրոններ կառուցել:
«Եվրասիական պետությունները հնարավորություն ունեն շատ արագ առաջ ընկնելու, եթե սկսեն արտադրել այն, ինչ ուրիշ երկրներում չկա»,- նշեց մեր զրուցակիցը:
– Պարոն Ռահր, ինչպե՞ս կգնահատեք նավթի համաշխարհային շուկայում ստեղծված վիճակը, նավթի գների կտրուկ անկումը:
– Նավթի գների անկումը, ինչպես հայտնի է, որոշ երկրների համար լավ է, մյուսների համար՝ շատ վատ: Օրինակ՝ եվրոպական երկրներին կամ Թուրքիային, որտեղ նավթն ու բենզինը էժան է, նավթի ցածր գները ձեռնտու են, արդյունաբերությունը շահում է, բայց սա աղետ է այն երկրների համար, որոնք նավթամթերք են արտադրում կամ նավթ ու գազ են արդյունահանում, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, Իրանը, Վենեսուելան, աֆրիկյան երկրները: Եթե այս գործընթացը շարունակվի, ասենք, ևս երկու տարի, ապա այս միտումները իրական ազդեցություն կունենան մեծ աշխարհաքաղաքականության վրա: Առայժմ պետությունները գոյատևում են իրենց ռեզերվներով և հույս ունեն, որ նավթի գները, այնուամենայնիվ, կբարձրանան 2016-ին կամ գոնե կտրուկ չեն ընկնի: Բայց կրկնում եմ՝ եթե կտրուկ անկումը շարունակվի, գործ կունենանք աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, և, բնականաբար, շատ դժվար է դրանք կանխատեսել:
– Նավթի էժանացումը, Ձեր կարծիքով, ավելի շատ օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներ ունի:
– Կարծում եմ՝ կան օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ Ամերիկան դարձել է նավթի և գազի խոշոր արդյունահանող, և նա այլևս Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի: Նա իր երկրում է արտադրում էներգակիրներ, ընդ որում՝ բավական ցածր գներով: Շուտով նա կսկսի վաճառել նավթ և հեղուկացված գազ: Սա ամբողջովին փոխեց պատկերն աշխարհում: Սաուդյան Արաբիան փորձում է կանգնեցնել այս զարգացումը և որքան հնարավոր է՝ ավելի շատ նավթ է արտադրում ու համաշխարհային շուկան լցնում էժան նավթով: Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, այսպիսի իրավիճակ է լինելու: Մերձավոր Արևելքում լուրջ պատերազմ կարող է սկսվել, նավթի հոսքերն այլևս չեն հասնի Եվրոպա և Ասիա: Կարծում եմ՝ պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենա Փարիզի Կլիմայի գագաթնաժողովը:
– Ի՞նչ հետևանքներ կունենան այս գործընթացները, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսության համար:
– Իմ կարծիքով՝ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը հիմա ապրում է նավթի այն գներով, որոնք կային 2002-2003 թթ., երբ ռուսական տնտեսությունը սկսեց վերելք ապրել 90-ականների ծանր ժամանակաշրջանից հետո: Ռուսական տնտեսությունը, այնուամենայնիվ, փող աշխատելու այլընտրանքներ ունի: Այնտեղ զարգացած է ներքին տնտեսությունը: Ճիշտ է, այնքան զարգացած չէ, որքան եվրոպական երկրներում, Ամերիկայում, բայց, ամեն դեպքում, զարգացած է: Այո՛, միջին խավը Ռուսաստանում կտուժի նավթի գների անկումից, երկիրն ավելի աղքատ կդառնա, բայց Ռուսաստանը բազում այլ ռեսուրսներ ունի: Այդ իսկ պատճառով շատ բացասական հետևանքներ չեն լինի Ռուսաստանի համար: Ռուսաստանը վաճառում է նաև այլ հանքեր, այլ ռեսուրսներ, որոնք չեն կարող նույնքան ցածր գին ունենալ, որքան այսօր ունի նավթը:
– Իսկ ի՞նչ այլ ռեսուրսներ ունի Ռուսաստանը:
– Ռուսաստանի տնտեսությունն այնքան զարգացած չէ, որքան Եվրոպայում, բայց այնուամենայնիվ այն զարգացած է բավարար չափով, որ գոնե մի քանի տարի ապրի այլ եկամուտների հաշվին: Կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չի գրել, թե Ռուսաստանն ամբողջությամբ կախված է միայն նավթից ու գազից:
– Վերջին հարցը Եվրասիական տնտեսական միության մասին է: Ի՞նչ հեռանկարներ ունի եվրասիական նախագիծը այս բոլոր գործընթացների համատեքստում: Այս միությունն ապագա ունի՞ ընդհանրապես, եթե հաշվի առնենք Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակն ու ներդրումների բացակայությունը:
– Գիտեք, հիմա ողջ համաշխարհային տնտեսությունը՝ ներառյալ Չինաստանը, լուրջ խնդիրներ ունի: Սա գլխավորն է: Ըստ իս՝ այսպես չի կարող շարունակվել: Կսկսվեն տնտեսական այլ աճեր, այդ թվում՝ Ասիայում, որտեղ ըստ էության նախադրյալներ կան արտադրության զարգացման համար: Երբ այս գործընթացը սկսվի Ասիայում, կմիանան նաև այլ երկրներ: Եվրոպայում, Գերմանիայում ևս լավ լուրեր չկան տնտեսության առնչությամբ: Միացյալ Նահանգներում ամեն ինչ նորմալ է, բայց մենք հասկանում ենք, որ երկրի կուտակած արտաքին պարտքն այնքան մեծ է, որ կարող է վերադարձնել Ամերիկան ճգնաժամային վիճակի: Այնպես որ, շատ դժվար է հիմա կանխատեսել, թե ինչ կլինի: Պետք է հետևել զարգացումներին այնպես, ինչպես որ կա:
Եվրասիական պետությունները հնարավորություն ունեն շատ արագ առաջ ընկնելու, եթե սկսեն արտադրել այն, ինչ ուրիշ երկրներում չկա: Եվ ինձ թվում է, որ այս երկու նախագծերը՝ Եվրասիական միությունը և Չինաստանի «մետաքսի ճանապարհը», որն այժմ մոտենում է, կսկսեն եվրասիական տարածքում կառուցել նոր շուկաներ, որոնք իրենց հերթին պիտի ստեղծեն առևտրի նոր կենտրոններ: Իսկ այնտեղ շատ մեծ հնարավորություններ կան ինչ-որ նոր բան ստեղծելու համար: Ուստի ես այնքան էլ հոռետես չեմ այս հարցում:
Արևմտյան գլխավոր թերթերը ամբողջ օրը աղաղակում են Ռուսաստանի և Եվրասիական միության մասին, որպեսզի չգրեն իրենց խնդիրների մասին, բայց պետք է սթափ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ միտումները կարող են շատ արագ կերպով փոխվել: Այո՛, նավթի գներն ընկել են, բայց չեն ընկել այն մակարդակին, որ կար 1980-ական թթ.: Իհարկե, եթե նավթի գինը նվազի 20 դոլարից, այդ դեպքում իսկապես շատ բարդ վիճակ կստեղծվի:








































