Իրանի իշխանությունները դատապարտոմ են իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից սիրիական տարածքի հրթիռակոծումը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Մեհմանպարաստը տարածաշրջանի երկրներին կոչ է արել այսուհետև դիմակայել նման հարձակումներին:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ անցած գիշեր Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել սիրիական տարածքին: Reuters գործակալությունը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին, հայտնել է, որ հարվածներն ուղղված էին լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման համար նախատեսված զենքի խմբաքանակի ոչնչացմանը: Իր հերթին Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական հրթիռային հարձակման է ենթարկվել Դամասկոսի մոտ գտնվող գիտական կենտրոնը:
Լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը, որը պատկանում է «Հըզբոլլահին», հայտնել է, որ իսրայելական օդանավերը հարձակվել են զինամթերքով պահեստների, ՀՕՊ բազայի և Դամասկոսի Ջամրայա արվարձանի զորանոցի վրա:
Իսրայելը չի մեկնաբանել կատարվածը:







































