Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի ստեղծմանը մասնակցել է մոտ 500 մարդ: Այս մասին հայտնի է դառնում երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ խմբակային լուսանկարից, որը երկուշաբի հրապարակվել է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթի առաջին էջին:
Կիմ Չեն Ինը ջրածնային ռումբի ստեղծողներին հրավիրել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտե և որպես հուշ՝ լուսանկարվել է նրանց հետ: Թերթը նշում է, որ նրանց մեջ կան միջուկային ոլորտի գիտնականներ, տեխնոլոգներ, ռազմական շինարարներ, աշխատողներ ու ղեկավար կադրեր:
Թերթի հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինը «բարձր է գնահատել ջրածնային ռումբի ստեղծողների ավանդը» և նրանց մաղթել է «նորանոր հաջողություններ Հյուսիսային Կորեայում միջուկային զսպման ուժերի ամրապնդմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքում»:







































