Հայաստանը Եվրոպա-Մալայզիա թմրանյութերի մաքսանենգ տարանցման կետ է։ Այս մասին ասվում է «Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) զեկույցում։
«Բրազիլիայի բնակիչ Մալիկա Աբուսենան Facebook-ում տարածել է իր ընկերոջ՝ Ֆառալ Զելբերտի նկարն ու գրել. «Գեղեցիկ աչքեր. որտե՞ղ ես դու հիմա»։
Զելբերտը չի պատասխանել, սակայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կարող է պատասխանել։
Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին ստացված տվյալների հիման վրա ՀՀ ԱԱԾ-ն երկու անգամ ուսումնասիրել է 1980 թվականին ծնված, Լեհաստանի քաղաքացի հանդիսացող Ռաֆալ Զելբերտին, որն անցել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ելքով առանց որևէ բան հայտարարագրելու՝ Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթով Հայաստան ժամանալելուց հետո։ Նա փորձել է վաճառելու մտադրությամբ, մաքսանենգ ճանապարհով բերել մեծ քանակությամբ թմրանյութ։
Զելբերտի դեպքը 2015 թվականին Հայաստանում կոկաինի մաքսանենգության 5-րդ հայտարարված դեպքն է։ ԱԱԾ աշխատողները հայտնել են, որ Զելբերտի բեռում հայտնաբերել են 13 կգ կոկաին, որի արժեքը սև շուկայում կազմում է 4 մլն ԱՄՆ դոլար։
Աբուսենան hetq.am-ի հետ ֆեյսբուքյան նամակագրությունում ասել է, որ ոչինչ չգիտի թմրանյութերի թրաֆիքինգի մասին։ «Մենք միասին այստեղ էինք՝ Բրազիլիայում։ Ես չգիտեի, որ նա այդտեղ է գալիս։ Մենք ծրագրում էինք միասին վերադառնալ Նիդեռլանդներ, որտեղ նա ապրում է»,- գրել է նա։ ԱԱԾ հետաքննությունը շարունակվում է։
Հունվարին ԱԱԾ գործակալները ձերբակալել էին Ալեքսանդր Կորդովային ու Մարիա Ալարադոյին, երբ նրանք Հայաստան էին ժամանել Լիմա-Սան Պաուլու-Աբու Դաբի-Երևան չվերթով։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանք փորձել էին մաքսանենգ ճանապարհով փոխադրել 2.7 կգ կոկաին։
Մի քանի օր անց «Զվարթնոցում» ձերբակալվեց Արգենտինայի քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսը, Սան Պաուլուից ժամանելուց հետո՝ 2.6 կգ կոկաինով։
Երկու պերուացիները՝ Կորդովան և Ալվարադոն, դատապարտվեցին ՀՀ դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման, մինչդեռ արգենտինացի Տորեսը՝ 13։
ԱԱԾ-ն վերջին զեկույցում նշել է Հայաստանով թմրանյութերի տարանցման երկու հիմնական ուղիները.մեկը սկսվում է Լատինական Ամերիկայից, գնում դեպի Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա, մյուսը՝ Իրանից ԱՄԷ և այնուհետև Մալայզիա։ Հունվարին գրանցված դեպքերում առգրավված կոկաինը նախատեսված էր Թուրքիա ուղարկելու համար՝ ասվում է զեկույցում։
Փետրվարի 12-ին, Մալեք Աբաս Գարիբն ու Ալ-Շաեր Հասան Աբդոն՝ Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ արաբներ, ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում։ ԱԱԾ հաղորդմամբ՝ նրանց մոտ եղել է մոտ 4.8 կգ կոկաին։ Զույգը, ենթադրաբար փորձել է թմրանյութերը Թուրքիա տեղափոխել Երևան-Ստամբուլ չվերթով։ Երրորդ կասկածյալը՝ Ֆիրաս Մալեք Վեհբեն, ՀՀ դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ դեպքին առնչություն ունենալու համար։
Կոկաինի մաքսանենգության 4-րդ և 5-րդ դեպքերը կրկին Լատինական Ամերիկայից, գրանցվել են նոյեմբերին։ Իրավապահների տվյալներով՝ Ուկրաինայի քաղաքացի Իլինա Շելեվերը և Զելբերտը, որը հանդիսանում է Լեհաստանի քաղաքացի, փորձել են մաքսանենգ ճանապարհով ներկրել համապատասխանաբար 3 և 13 կգ կոկաին՝ Սան Պաուլու-Դուբայ-Երևան տարբեր տարանցիկ չվերթներով վայրէջքից հետո։
Հայաստանում ձերբակալված օտարերկրացիներից մի քանիսն ունեն քրեական անցյալ՝ թմրանյութերի մաքսանենգության հետ կապված։ Խոսքը՝ Կորդովայի, Տորեսի և Զելբերտի մասին է։







































