Այսօր «Ալաշկերտ»-ը վերսկսեց նախապատրաստությունն ընթացիկ առաջնության գարնանային հատվածին, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ ֆուտբոլիստները մարզում անցկացրեցին «Միկա» մարզադաշտի արհեստական խոտածածկով խաղադաշտում:
Տեղեկացնենք, որ հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներն էլ մարզվեցին ընդհանուր խմբում: Մարզմանը մասնակցեց նաև թիմի նորեկ մալիացի կենտրոնական պաշտպան Սեկու Դիարա Ֆոֆանան, ով «Ալաշկերտ» է տեղափոխվել «Բանանց»-ից: «Ալաշկերտում» կրկին խաղալու ցանկություն է հայտնել Դարկո Վուչիչը, ով հայաստանյան թիմի կազմում հանդես էր եկել նախորդ առաջնության գարնանային հատվածում և 12 խաղում դարձել էր 4 գոլի հեղինակ:
Այնուհետև սերբ լեգեոները տեղափոխվել էր հայրենիք: 22-ամյա եզրային կիսապաշտպանն արդեն Երևանում է և այսօր նա մասնակցեց ալաշկերտցիների անդրանիկ մարզմանը: Ավելացնենք, որ ի տարբերություն Սեկու Ֆոֆանայի, Դարկո Վուչիչն առայժմ պայմանագիր չի ստորագրել:







































