Իտալիայի բնակչուհի Մերի Պաչեն հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությանը հայտնել է, թե որտեղ է գտնվում Ուսամա բեն Լադենը: Նրա խոսքերով` իր տեղեկատվության շնորհիվ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 2011թ. մայիսին սպանել են համար մեկ ահաբեկչին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Դրա հետ մեկտեղ, կինը նշել է, որ Բեն Լադենին սպանել են ոչ թե բանակայինները Աբոթաբադում, այլ` վարձկանները անապատում: Այդ պատճառով Պաչեն հայց է ներկայացրել դատարան ԿՀՎ-ի դեմ: Նա կարծում է, որ իրեն պետք է վճարեն 25 միլիոն դոլար, որը ԱՄՆ նախագահը խոստացել էր որպես պարգևատրում:
Մերի Պաչեն երիտասարդ տարիներին աշխատել է ԱՄՆ-ի հետախուզության համար և հետևել է իտալացի կոմունիստներին: Կնոջ խոսքերով` նախկինում ինքն անձամբ հանդիպել է Բեն Լադենի հետ, որը ԽՍՀՄ-ի և Աֆղանստանի պատերազմի ժամանակ եղել է ԿՀՎ-ի աշխատակից: Սկզբում կինը դիմել է Իտալիայի հատուկ ծառայություններին, սակայն նրա խոսքերին ոչ մեկը չի հավատացել:
«Ամերիկացիներին հարմար էր այս ձեռքբերումը վերագրել իրենց և հայտարարել, որ պարգևատրում ոչ մեկը չի ստանա»,- ասել է նա:









































