Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հերքել է իր դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու մասին տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ դա եղել է դեսպանի սեփական նախաձեռնությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։
Նա թուրքական կողմի հայտարարությունը որակել է որպես «կեղծիք»։ Նրա խոսքերով՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին հանդիպում է խնդրել Թուրքիայի ԱԳՆ-ում, որպեսզի ներկայացնի տարածաշրջանի վերջին դեպքերի շուրջ Իրանի դիրքորոշումը։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ կապված վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սաուդյան այցի վերաբերյալ իրանական ԶԼՄ-ների մի շարք հրապարակումների հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ Իրանի դեսպանն ԱԳՆ է կանչվել այն պատճառով, որ իրանական մի շարք ԶԼՄ-ներ Էրդողանի սաուդյան այցը կապել էին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելու հետ։ Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիա է այցելել դեկտեմբերի 29-ին, իսկ Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը մահապատժի է ենթարկվել հունվարի 2-ին։












































