Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) առաջարկում է հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերում տեղադրել երկու առանձին քվեատուփ, որոնցից մեկն առնչվելու է նոր Սահմանադրության ընդունմանը, իսկ մյուսը՝ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուն։
ԱԶԿ-ը տվյալ առաջարկը ներկայացնելու է Թուրքիայի խորհրդարանում հիմնվելիք հաշտեցման հանձնաժողովին։ Վերջինս պետք է նպաստի նրան, որ քաղաքական ուժերը համաձայնության գան նոր Սահմանադրության կետերի շուրջ, քանի որ նրանց միջև կան բազմաթիվ տարաձայնություններ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին շրջանում շարունակ հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի կարող շարունակել կառավարման ներկայիս համակարգով և պետք է անցում կատարի կառավարման նախագահական համակարգին։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ դա էլ ավելի կմեծացնի Էրդողանի լիազորությունները՝ դրանից բխող բացասական հետևանքներով։







































