Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիվանագետները և ՄԱԿ-ում կազմակերպության անդամ երկրները չեն հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ դադարեցվել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամակցությունն ԱՊԼ-ին:
ՄԱԿ-ում ԱՊԼ-ի մշտական դիտորդ Ահմեդ Թաթհալլան նույնպես չի հաստատել այս տեղեկատվությունը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Այն, որ ԱՊԼ քարտուղարությունն իբր հետ է կանգնել Դամասկոսի տեղը Սիրիայի ընդդիմությանը տալու՝ մարտին ընդունած որոշումից, վկայում է երկրի մշտական ներկայացուցչության նոտան, որը մայիսի 2-ին ուղարկվել է ՄԱԿ-ի այլ երկրների: Փաստաթղթում Դամասկոսը նրանց կոչ է անում Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկել արաբական երկրների կողմից պատրաստվող բանաձևի նախագծին, որը նշում է Ազգային կոալիցիայի «լայն ընդունումը»՝ որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Սիրիական մշտական ներկայացուցչությունը պնդում է, որ ԱՊԼ քարտուղարությունը բանավոր նոտա է տարածել՝ ուղղված անդամ-երկրներին և աշխարհի տարբեր շրջանների գրասենյակներին, որում նախընտրություն է հայտնել հետաձգել այս կապակցությամբ ավելի վաղ ընդունած որոշումը և դրա փոխարեն կոալիցիայի ներկայացուցիչներին խնդրել չայցելել լիգայի հանդիպումներին, քանի դեռ չի ձևավորվել անցումային կառավարությունը:
Մի շարք դիտորդներ նման քայլը կապում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հրաժարականի մասին շշուկների հետ: Դիվանագետների խոսքերով` Բրահիմին բազմիցս դժգոհություն է հայտնել ԱՊԼ գործողություններից, որը վերջնականապես կանգնել է Սիրիայի ընդդիմության կողքին:









































