Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDG), որի 80 տոկոսը կազմում են Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերը, հատել են Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»՝ անցնելով Եփրատ գետի արևմտյան ափը։
Դրա մասին են վկայել սոցցանցերում տեղ գտած տեղեկությունները։ Դրանց համաձայն՝ SDG-ն Տիշրինի ջրամբարի վրայով անցել է Եփրատի արևմտյան ափն ու հարձակում է սկսել ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո գտնվող Մումբաչի վրա։
SDG-ը ԱՄՆ-ի ավիաաջակցությամբ ԴԱԻՇ-ից Տիշրինի ջրամբարը խլել էր նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին։ Ավելի վաղ Թուրքիան Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» էր սահմանել Եփրատի արևմտյան ափը, որպեսզի քրդերը չկարողանան հարձակում իրականացնել ԴԱԻՇ-ի վերահսկած Ջերաբլուս քաղաքի վրա, ապա զարգացնեն իրենց հարձակումը մինչև Ազեզ և դրանով իսկ միավորեն իրենց Աֆրին ու Քոբանի ինքնավար շրջանները։








































