Ամերիկյան ազգային հրաձգային ասոցիացիայի ղեկավար Ուեյն Լապիերը, որն արդեն մի քանի ամիս գլխավորում է պայքարը՝ ուղղված զենքի շրջանառության վերահսկողության խստացման Սպիտակ տան առաջարկների դեմ, կարծում է, որ ԶԼՄ-ները միակողմանի դիրքորոշում ունեն և կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում զենքի տերերի նկատմամբ: Այս մասին հայտնում է RIA Novostim-ն:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները կարծում են, թե իրենցից ամեն ինչ ավելի լավ են հասկանում, իրենցից ավելի խելոք են: «Վերջին մի քանի ամիսներին ԶԼՄ-ները ձեռնարկել են լուրջ հարձակումներ երկրորդ ուղղման դեմ (ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղումը երաշխավորում է զենք ունենալու իրավունքը-1in.am), հրեշ են դարձրել զենքի օրինապաշտ սեփականատերերին»,- հայտարարել է Լապիերը ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Դուք գիտեք, թե ինչն է մեր երկիրն անվտանգ դարձնում: Թույլ մի´ տվեք նրանց խլել Ձեր իրավունքները»,- հավելել է նա հավաքվածների ծափողջույնների ներքո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուրբաթ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը կձգտի հասնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցառումների ընդունմանը:








































