2015 թվականի վերջին 5 օրերին ծառայողական պարտականությունները կատարելիս ամերիկացի ոստիկանները կրակել են ավելի քան 20 մարդու: Այս մասին են վկայում Washington Post-ում հրապարակված տվյալները:
«2015 թվականին ոստիկանները կրակել են 986 մարդու, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է միջին ցուցանիշները, որ վերջին 10 տարիներին ամեն տարի հրապարակում է Հետաքննությունների դաշնային բյուրոն»,- ասված է հոդվածում:
Պարբերականի տվյալները մասնավորապես հիմնված են ոստիկանական հաշվետվությունների, դատական փաստաթղթերի և ախտաբանող մասնագետների եզրակացությունների վրա, որոնք ուսումնասիրել են լրագրողները:
Դեկտեմբերի 27-ին պարբերականը հրապարակել է համանման հաշվետվություն, ըստ որի՝ ոստիկանների գնդակից զոհվել է 965 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը ունեցել են զենք, միաժամանակ զոհերի կեսը եղել են սպիտակամորթներ: Սպանված անզեն մարդկանց 40%-ը եղել են աֆրոամերիկացիներ: Զոհվածների մեկ քառորդը ունեցել է ակնհայտ հոգեկան հիվանդություն:
Washington Post-ը դեկտեմբերը անվանել է «անցյալ տարվա ամենաարյունահեղ ամիսը»՝ 88 սպանություն իրավապահների ձեռքով:









































