«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, նախընտրական տարին է մեկնարկել: Ի՞նչ եք արձանագրում, արդյոք այսօր կա՞ն քաղաքական ուժեր, որոնք ունակ են բեկում մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում:
– Եթե ես ասեմ՝ այո՛, կան քաղաքական ուժեր, որոնք կարող են բեկում մտցնել, որևէ մեկը մեր տասըմիլիոնանոց ազգի մեջ կհավատա՞: Ցավոք, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը բաղկացած է կոալիցիայից և կեղծ ընդդիմությունից, որոնք մտածում են նույն կերպ: Տարիներ առաջ ՀՀԿ-ական լիդերների հետ մտերմիկ զրույցների ժամանակ ասում էի, որ պետք է մեկ օր առաջ իշխանությունը փոխվի, նրանք ինձ ասում են՝ բայց կարո՞ղ ես ասել՝ ով գա մեր փոխարեն, ես մի ժամանակ ասում էի՝ դաշնակցականները: Նրանք ինձ ասում էին՝ իսկ դու դաշնակներին լա՞վ ես ճանաչում: Ես ասում էի՝ իմ կարծիքով՝ այո: Մինչդեռ ՀՀԿ-ական բավականին լուրջ լիդերներ ինձ ասում էին՝ հավատա, դու դաշնակներին լավ չես ճանաչում: Փաստորեն, նրանք ճիշտ դուրս եկան… Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ տարուն ես մյուսների հետ հասա նրան, որ դաշնակցականները կոալիցիայից դուրս եկան: Նրանց ասում էի՝ տղերք, ձեր ծրագրերը ֆանտաստիկ են, բայց դուք վարկաբեկում եք ձեզ, որ կոալիցիայի մեջ եք, պետք է դուրս գաք: Դուրս եկան, բայց քանի՞ տարի դիմացան, հիմա նորից սարսափելի ծախվեցին: Դաշնակցականներին ամենաողջամիտ ընդդիմությունն էի համարում, բայց նրանք այս աստիճանի անմաքուր խաղեր են խաղում:
Ի՞նչ կարող եմ եմ ակնկալել «Օրինաց երկիրից», որն իսկապես հորինված կուսակցություն է՝ առանց գաղափարախոսության, և ամբողջ ընթացքում դեգերել է ու դեգերումների ժամանակ ընդամենը մի բան է որոնել՝ իր շահը: Կոնկրետ Արթուր Բաղդասարյանն իր շահն է որոնել, բայց չի կարողանում գտնել, որովհետև այնքա՜ն վարկաբեկվեց: Կարճ ասած՝ ցավալի էր, որ ԲՀԿ-ն նույնպես հետևեց դաշնակցականների և Արթուր Բաղդասարյանի օրինակին: Ցավալի էր, որ Գագիկ Ծառուկյանն այնպիսի քայլ արեց, որի պատասխանն ինքն էլ չի կարող տալ: Որովհետև հիմա եթե ես Գագիկ Ծառուկյանին հարցնեմ՝ «Գագի՛կ, եթե դու պետք է ամենավերջում տապալվեիր, տապալվեիր այն պահին, երբ որ արդեն մեկ քայլ էր մնում մինչև գագաթը: Դու գտնվում էիր գագաթին ու գագաթից գլորվեցիր, ընկար ձորը: Եթե պիտի այդպես պահեիր քեզ, ինչո՞ւ այդքան ժամանակ դու որպես ընդդիմություն հանդես եկար, այդքան հարված կերար, այդքան փողեր ծախսեցիր, բարեգործություններ արեցիր, այդքան քաղաքական դիվիդենտներ հավաքեցիր, ինչո՞ւ, չէ՞ որ քո վիճակը հիմա 10 անգամ ավելի ծանր է, քան եթե դու էն գլխից մի կողմ քաշված քեզ համար ապրեիր, ո՛չ Սերժ հայհոյեիր, ո՛չ էլ Սերժ գովեիր: Բնականաբար Գագիկն ի՞նչ պետք է պատասխանի, ինքը երևի մտածում է՝ ես էս ի՞նչ հիմարություն արեցի, եթե չէի ավարտելու, ինչո՞ւ սկսեցի, ընդ որում՝ տապալվեցի այն պահին, երբ արդեն արքա էի:
Անցյալ տարվա փետրվարի 20-ին հայտարարված էր հանրահավաք, Գագիկն իշխանությունը այդ ժամանակ կարող էր վերցնել: Եվ ոչ մի ուժ նրան չէր կարող կասեցնել: Կարճ ասած՝ նման իրավիճակում բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում իրենց բացարձակ սպառել են, ավելին՝ բոլորը երկիրը տանում են դեպի անդունդ։
Ես շատ հաճախ բարձրագույն մակարդակների վրա՝ Բրյուսելում, և Մոսկվայում՝ ամենաբարձր մակարդակի վրա, բարձրաձայնում մի կարևոր հարց․ Հայաստանի այսօրվա սարսափելի վիճակը ձեզ ձեռնտո՞ւ է: Քանի որ ես ստեղծել եմ համաշխարհային կազմակերպություն, որը կոչվում է PANAP`«Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոն», որի նախագահության մեջ վերցրել եմ աշխարհի ուժեղներին, և դրա համանախագահն եմ աշխարհի երկու հզոր քաղաքական համաշխարհային դեմքերի հետ, բնական է, որ կարողանում եմ ինձ իրավունք վերապահել Բրյուսելին և Մոսկվային ուղղել վերոհիշյալ հարցը՝ «Հայաստանի այսօրվա սարսափելի վիճակը ձեզ ձեռնտո՞ւ է»։ Մոսկվան պատասխանում է՝ չէ, ձեռնտու չէ, բայց մենք ամբողջովին Հայաստանին թողել ենք իր ղեկին, իր հարցերն ինքը լուծի, և չենք խառնվել ու չենք խառնվելու: Ասում եմ՝ շատ լավ, մի՛ խառնվեք, ճիշտ եք արել, որ չեք խառնվել, սակայն դուք չե՞ք կարծում, որ դուք կարող էիք ունենալ Հայաստանը՝ որպես մի քարե ամրոց, իսկ այսօր ունեք Հայաստանը թղթի վրա նկարած մի գաղութ: Ասում են՝ դե, մենք Հայաստանին շատ ուժեղ պահում ենք: Մենք Ռուսաստանում պահում ենք 3 միլիոն հայ, Հայաստանում ապրում է 2 միլիոնից պակաս հայ, Ռուսաստանում ապրող 3 միլիոնից ավելի հայերը ամբողջովին պահում են իրենց հարազատությանը, և մենք սա համարում ենք, որ մենք Հայաստանին շատ լավ պահում ենք:
Բնական է, որ ես այս մտքի վրա ծիծաղում եմ և ասում եմ՝ ինչո՞ւ եք դուք այդ ճանապարհով Հայաստանին պահում, երբ Հայաստանը կարող է իրեն պահել, ձեզ էլ պահե: Դուք ընդամենը ներդրումներ արեք, Հայաստանի երբեմնի հզոր արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեք, Հայաստանը ձեզ կպահի: Այսինքն՝ թշնամու հետ սահմանը Հայաստանը կպահի: Գոնե այս երկրի երբեմն հզոր տնտեսությունը կարող եք վերականգնել, չէ՞, ի՞նչ է դա ձեզնից խլում:
– Պարոն Գրիգորյան, իսկ Հայաստանում ընդդիմադիր հզոր քաղաքական ուժ ձևավորվելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է շատ կարճ ժամանակում իսկապես արդյունքներ գրանցել այդ դաշտում:
– Իմ կյանքի փորձից ելնելով կարող եմ ասել՝ քանի որ երկար տարիներ ապրում եմ դրսում, Խորհրդային միության ժամանակ էլ բախտ եմ ունեցել ապրել Գերմանիայում: Իմ աչքի առաջ միշտ անսպասելիորեն այնպիսի գործընթացներ են ձևավորվել, որ մեկ տարի առաջ եթե հարցնեիր որևէ մի քաղաքական գործչի, որևէ մեկը չէր կարող կանխագուշակել․ օրինակ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը։ Այսինքն՝ հնարավոր է ամեն ինչ, բայց որքա՞ն է հավանական: Դա երևի թե Աստծո կամքից է կախված: Հայաստանում այս պահին ոչ մի հզոր ընդդիմության ուրվագծեր ես չեմ տեսնում, բայց հաջորդ պահին ի՞նչ իմանամ, որ դրսի ուժերը չեն ազդի Հայաստանի ներքին գործընթացների վրա։ Եթե դրսի ուժերը հանկարծ կարողացան ազդել՝ դա կլինի Արևմուտքը կամ Ռուսաստանը, միևնույն է, իրավիճակն անմիջապես կփոխվի։ Ռուսաստանը հայտարարում է, որ 100 տոկոսով զերծ է մնալու և չի ազդելու Հայաստանի ներքին զարգացումների վրա, չնայած խիստ թերահավատորեն է մոտենում իշխանության վարած և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական զարգացումներին։ Այո, ցավոք, ելնելով հարևանների ներքին գործերին չխառնվելու իրենց որդեգրած քաղաքականությունից, նրանք հեռու են պահում իրենց, սակայն եթե որևէ մեկը դրական գործընթաց սկսի, մենք միայն կողջունենք: Ամեն դեպքում, ցանկացած արտաքին ուժ կարող է վայրկենապես հրահրել այն, ինչն այս պահին անհնարին է թվում:
Երկրորդ՝ կարող է պատահել, որ երիտասարդությունը և միջին սերունդն իրենց ձեռքը վերցնեն իշխանափոխության գործընթացը։ Ցավոք, այսօր արենայում ուժեղ կամ քաղաքականապես հասուն ո՛չ երիտասարդություն եմ տեսնում, ո՛չ միջին սերունդ: Տեսնում եմ խայտառակ մի սերունդ, որը պատրաստ է ամեն պահի իր շահի համար գնալ հակառակորդի հետ կոմպրոմիսային լուծումների: Այսինքն՝ չկա ուժ, որը չգնա կոմպրոմիսի այսօրվա իշխանությունների հետ, մի նախագահի հետ, որի օրոք Հայաստանը դատարկվում է և արդյունքում տրվելու է թուրքերին և ադրբեջանցիներին, չկա ուժ, որը թքած ունի իր շահի վրա և մինչև վերջ կգնա պայքարի՝ սեփական անձը զոհելու գնով․ դեռևս այդպիսի ուժ Հայաստանում չեմ տեսնում:
Իսկ այն, ինչ Ազատության հրապարակում լսվում է, այնտեղ կան շատ-շատ ազնիվ մարդիկ, ես նրանց հարգում եմ, բայց նրանք չեն կարողանում այդ ուժը ձևավորել: Րաֆֆին Արթուրի կամ Գագիկի նման վարկաբեկված, բարևներ բաժանող լավ տղա է, բայց բարևներով տեղ չես հասնում, ինչպես տեսնում ենք, ճիշտ հակառակը՝ եթե հակառակորդիդ ջերմորեն բարևում ես, ծաղրի առարկա պիտի դառնաս: Մնացած տղաներն էլ, որոնք ազնիվ են և պայքարի պատրաստ, ցավոք, ուժ չեն ներկայացնում, քանի դեռ նրանց մեջքին չի կանգնած մի մեծ ու բազմամարդ զանգված, որի հիման վրա այս մարդիկ մինչև վերջ գնան:
Վիճակն այս պահին այսպիսին է, բայց ի՞նչ կլինի գարնանը՝ ոչ մեկը չի կարող կանխագուշակել, քանի որ թարախապալարը հասունացել է, ամեն վայրկյան կարող է պայթել, և վիրահատությունն այլևս Սերժին չի փրկի. ամեն վայրկյան այդ կույրաղիքը կարող է պայթել:
– Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունները, այն, ինչն իշխանությունն իրականացրեց իր իշխանությունը երկարաձգելու համար, շատ հնարավոր է, որ արդյունք չտա՞ն, հենց հշխանության համար ինչ–որ տեղ դառնան չարի՞ք:
– Սահմանադրական փոփոխությունները կլինեին թե չէին լինի՝ Սերժիկը միշտ էլ իր ապագան կառուցելու տարբերակներ ուներ: Նույնիսկ ավելին ասեմ՝ ես վախենում էի, որ վերջին պահին նա հրաժարվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, հայտարարի, թե տեսե՛ք՝ ես ինչ ժողովրդավար եմ, ժողովուրդը չի ուզում, ես էլ չեմ անի, ու դրանով բոլորի բերանը փակեր: Եթե մի քիչ դիվանագիտական խելք ունենար, այդպես էլ կաներ, որից հետո նա կարող էր թույլ նախագահ դնել, ինչպիսին, օրինակ, Տիգրան Սարգսյանն է՝ հանցագործ, օֆշորային սկանդալների մեջ խեղդված, «Նաիրիտի» ամբողջ գումարները յուրացրած: Նա որ դառնար նախագահ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու Սերժ Սարգսյանի համար: Տիգրան Սարգսյանը մի դասական օրինակ է, որ եթե Սերժիկը նրան դարձնի նախագահ, ասի՝ շնչի, կշնչի, ասի՝ արտաշնչի, կարտաշնչի, և միշտ Սերժին կհարցնի՝ օրը քանի՞ անգամ ես թույլ տալիս, որ շնչեմ-արտաշնչեմ: Եվ ինքն էլ, ասենք թե, կդառնար ԱԺ նախագահ կամ վարչապետ, երկիրը նույն կերպ կղեկավարեր, ոչ մի բան չէր փոխվի:
Ես զարմացած եմ, թե Սերժն ինչո՞ւ որոշեց իրեն այդ աստիճանի վարկաբեկել, և, ասենք, 5 տոկոս «այո»-ն կեղծիքով դարձնել 50 և ավելի տոկոս: Ինքս ունեմ տեղեկատվություն, որ Սերժն էլ է զայրացել, թե այս ի՞նչ անշնորհք ձևով արեցիք, ուղղակի նկարեցիք թվերը ամբողջ աշխարհի աչքի առաջ:
Կարճ ասած՝ սահմանադրական փոփոխությունները կանցկացվեին թե չէին անցկացվի, ես բացարձակ տարբերություն չէի տեսնում: Երկու պարագայում էլ եթե ժողովուրդն իր ձեռքը չի վերցնում իշխանությունը, իշխանությունը մնում է Սերժիկին: Վերջացավ. Սերժիկին, Սաշիկին և իրենց նմաններին՝ Թոխմախի ախմախին, Կրազի վարորդ անգրագետ գեներալներին և այլոց: Անուններ, որոնք նորմալ մարդը չի կարող արտասանել, նույնիսկ այդ անուններն արտասանելը մեզ համար վարկաբեկիչ է: ԱԺ-ն լի է գեներալների, կրազի նախկին վարորդների մի ամբողջ համաստեղությամբ, խայտառակություն է սա:
Սահմանադրությունը ոչ մի բան չփոխեց և չէր փոխելու: Քանի դեռ ժողովուրդը չի հասել այն մակարդակին, որ իր վաղվա ապագան ինքը պետք է որոշի, քանի երկրի մտավորականությունը իր ձեռքը չի վերցնում իշխանությունը, քանի սփյուռքում հազարավոր փայլուն, հրաշք կադրեր չեն վերցնում իրենց ձեռքը երկրի կառավարումը, ունենալու ենք այն, ինչ ունենք:
Որպես Եվրոպահայերի ֆորումի նախագահ՝ ինձ դիմում են բազմաթիվ երիտասարդներ, որոնք հետաքրքրված են մեր երկրի ապագայով։ Այնպիսի ջահելներ են գալիս, որ մտածում ես՝ տե՛ր Աստված, մեր ժողովուրդը հանճարեղ ժողովուրդ է, այս ի՞նչ երեխաներ ունի, ո՞նց կարող են այս աստիճանի զարգացած ու խելացի լինել: Բայց այդ բոլոր մարդիկ սպասում են մի «կախարդական փայտիկի» շարժման, որ գան Հայաստան, լծվեն երկրի տնտեսության, մշակույթի, գիտության զարգացմանը: Այնպիսի երիտասարդ, աշխարհահռչակ մշակութային գործիչներ ունենք, որոնք պատիվ կբերեն ցանկացած ազգի: Ընդամենը 10-միլիոնանոց ազգ ենք, բայց կարող ենք 100-միլիոնանոց ազգին հավասար պատիվ բերող մշակութային գործիչների անուններ տալ: Իսկ Հայաստանում մշակույթի վիճակը տիկին Հասմիկ Պողոսյանի մակարդակի է, այսինքն՝ ողբալի վիճակում է: Կամ գիտությունը. Ռադիկ Մարտիրոսյանի մակարդակի գիտություն կամ ի՞նչ Գիտությունների ակադեմիա ունենք մենք: Բայց գիտե՞ք՝ ամբողջ աշխարհում և Հայաստանում էլ ինչ գիտական ներուժ ունենք մենք:
Մեր ազգի ապագան կարող է անհավատալի բարձր մակարդակ ունենալ, եթե միայն երկրի իշխանության լծակները տրվեն տաղանդավոր և կիրթ հայորդիներին: Այդպիսիները՝ հազարավոր հիանալի, ժամանակակից կրթությամբ երիտասարդություն, ապրում է Հայաստանում և սպասում է իր ժամին: Նրանք դեռևս հրապարակներում չեն երևում, սակայն առաջին իսկ պատեհ առիթի դեպքում նրանք են ղեկավարելու երկրի ապագան փոխող շարժումները: Ես հավատում եմ այդ երիտասարդությանը և նրանց հաղթանակին:
Ահա, այս եմ մաղթում իմ հայրեմակիցներին այս տարվա ընթացքում և հավատում եմ բարեփոխումներին, որ կբերի սպասվող իշխանափոխությունը։









































