Եմենում հակամարտության էսկալացիայի ընթացքում 2015թ. մարտի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը զոհվել է 2.795 քաղաքացիական անձ, 5.324-ը վնասվածքներ են ստացել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 5-ին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը:
«Զինված հակամարտությունը Եմենում շարունակում է հանգեցնել քաղաքացիական անձանց մահվան: Հաղորդագրությունների համաձայն՝ դեկտեմբերին առնվազն 81 մարդ սպանվել է և 109-ը՝ վիրավորվել,- նշել է նա:- Կորուստների ընդհանուր թիվը քաղաքացիական բնակչության մեջ 2015թ. մարտի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմել է 8.119 մարդ, այդ թվում՝ 2.795-ը սպանվել է, 5.324-ը՝ վիրավորվել»:
Եմենի իշխանությունների և շիա ապստամբների միջև հակամարտությունն ակտիվացել է 2014թ. օգոստոսին:









































