Բրիտանական հեղինակավոր Bleacher Report պարբերականը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես նշվում է․
«Հենրիխ Մխիթարյանը 2015/16թթ մրցաշրջանի առաջին հատվածը շատ հաջող է անցկացրել։ Պատահական չէ, որ գերմանական հայտնի Kicker պարբերականը Մխիթարյանին ամենաբարձր գնահատականն է տվել։ Տոմաս Տուխելի գլխավորությամբ Մխիթարյանի ներուժը վերջապես սկսել է բացահայտվել։
Դեռ մեկ տարի առաջ նա կարծես կոտրված լիներ և չէր արդարացնում «Վեստվալենշտադիոն»-ի բազմահազար երկրպագուների սպասելիքները, բայց հիմա նա Դորտմունդի լավագույն խաղացողներից մեկն է։
Հայ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․։ Որքա՞ն ժամանակ 26-ամյա կիսապաշտպանը կմնա «Բորուսիա»-ում․ այս հարցը տանջում է նաև ակումբի ղեկավարությանը, որոնք ցանկանում են նոր պայմանագիր ստորագրել։
Մխիթարյանը, մեկնաբանելով մի շարք գրանդ ակումբների՝ իր ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը, ասել է, որ ինքն արդեն իսկ հանդես է գալիս մեծ ակումբում։ Դորտմունդը տրանսֆերային ռեկորդ սահմանեց 2013-ին, երբ Մխիթարյանի տրանսֆերը «Շախտյոր»-ից գնեց 27․5 մլն եվրոյով, իսկ ֆուտբոլիստը 2 տարի անց իր խաղով արդարացնում է բոլոր սպասելիքները։

Նրա գործակալը՝ Մինո Ռայոլան, բանակցություններ է վարում «Յուվենտուս»-ի հետ՝ Մխիթարյանի՝ ամռանը հավանական տեղափոխության կապակցությամբ։ Սակայն «Բորուսիա»-ն պատրաստ է իր 10 համարին ավելի ձեռնտու պայմանագիր առաջարկել՝ նրան թիմում պահելու համար։
Եթե նա ևս մեկ մրցաշրջան մնա «Բորուսիա»-ում, ապա Տուխելի գլխավորությամբ կարող է շարունակել ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել, ինչպես վերջին 6 ամիսներին։ Այդ պարագայում նա կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ, որն ինքը կնախընտրի։ Նա արագ է, գոլեր է խփում և գոլ խփելու նպաստավոր պայմաններ ստեղծում թիմակիցների համար, լայնածավալ աշխատանքն է կատարում խաղադաշտի ողջ երկայնքով»։









































