Այս շաբաթ Լաս Վեգասում կբացվի CES 2016 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը, որում կներկայացվեն տարբեր ոլորտների նոր գաջետներ ու հեռանկարային տեխնոլոգիաներ: BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացնում է այս տարի սպասվող նորույթներից:
Հեռուստացույցներ

CES-ում կներկայացվեն HDR (High Dynamic Range) հեռուստացույցներ՝ ընդլայնված դինամիկ դիապազոնով:
HDR տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել պատկերի պայծառությունը, հակադրությունը և պարզությունը:
Amazon ընկերությունն այս տարվանից թողարկել է իր մի քանի շոուները HDR ձևաչափով, սակայն առանց HDR աջակցությամբ սարքերի լայն տարածմամբ դեռ դժվար է գնահատել պատկերի բարձր որակը:
Դրոններ

GoPro տեսախցիկ արտադրողը, հնարավոր է, CES 2016-ում ներկայացնի Karma սեփական դրոնը:
Շշուկների համաձայն՝ այդ դրոնը կունենա հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա խուսափել թռիչքի ժամանակ բախումներից:
Շշուկներ կան նաև, որ Karma-ն մեծ հստակության պատկեր կփոխանցի, դրա տեսախցիկը կունենա 360 աստիճան դիտման անկյուն:
Նշվում է, որ բելգիական Fleye ընկերությունը կներկայացնի գնդաձև դրոն, որի պրոպելլերը պլաստիկե թաղանթի տակ է վնասվածքների և խախտումների ռիսկը նվազեցնելու համար:
Հարավկորեական Uvify դրոնը, դրա հեղինակների խոսքով, ունի օբյեկտների ճանաչման եռաչափ տեխնոլոգիա, որի միջոցով այն կարող է առանց բախումների թռչել փակ տարածությունում:
Բրիտանական Intelligent Energy ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ջրածնային վառելիքով բաղադրիչ, որը, իր պնդմամբ, անօդաչուներին հնարավորություն կտա օդում գտնվել մի քանի ժամ, ոչ թե րոպե, ինչպես հիմա:
Վիրտուալ իրականություն
2016 թ. խոստանում է վիրտուալ իրականության տարի լինել:
HTC ընկերությունն ընտրված լրագրողների է հրավիրել երկուշաբթի տեսնելու իր մոդիֆիկացված Vive VR լրակազմը:
Այդ գլխի համար լրակազմը ստեղծվել է Valve տեսախաղ արտադրողի հետ համագոծակցությամբ:
Ռոբոտներ

Jibo ամերիկյան սթարթափը մեծ աղմուկ հանեց, երբ նրա քրաուդֆանդինգը «սոցիալական ռոբոտի» նախագծի համար ավելի քան 3,7 մլն դոլար է հավաքել: Այդ նախագծի ղեկավարը ցուցահանդեսում կպատմի աշխատանքների ընթացքի մասին:
Ցուցահանդեսին կներկայացվի ֆրանսիական 2 ռոբոտ՝ «Բադդին» և «Լեկան», աուտիզմ և զարգացման հետ կապված այլ խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու համար նախատեսված մեքենա:
Ճապոնական Flower Robotics ընկերությունը խոստանում է ցույց տալ, որ ռոբոտները կարող են լինել ոչ միայն օգտակար, այլև էսթետիկ առումով գրավիչ:
Ավտոմեքենաներ

Այս տարի իրենց նմուշները կներկայացնեն 10 խոշորագույն ավտոարտադրողներ:
Faraday Future ֆիրման խոստացել է ներկայացնել «կոնցեպտ, որը կորոշի ավտոմեքենաշինության ապագան»:
Volkswagen-ը կներկայացնի նոր նախատիպ այնպիսի մեքենայի, որը, շշուկների համաձայն, էլեկտրական միկրոավտոբուս է, որը կարող է մինչև 500 կմ անցնել մարտկոցի մեկ լիցքավորմամբ:
Հաղորդվում է նաև, որ Ford ֆիրման Google-ի հետ համատեղ աշխատում է ինքնակառավարվող ավտոմեքենաների նախագծի վրա:
Իսկ BMW-ն հայտարարել է, որ կներկայացնի Air Touch նոր համակարգը, որը հնարավորություն է տալիս կառավարել մեքենայի նավիգատորն ու ժամանցային համակարգը առանց կոճակների:
Toyota-ն խոստանում է ներկայացնել ճանապարհի վիրտուալ արտացոլման բարձր ճշգրտության նոր համակարգ, որն ավտոմեքենաներին հնարավորություն կտա փոխանակել այն, ինչ տեսել են ճանապարհին:
Դա հնարավորություն կտա մշտապես թարմացնել նավիգատորների քարտեզները:
Կրելու տեխնոլոգիաներ

Fitbit ընկերությունը մամլո ասուլիս է նախատեսել, որը նոր ու հետաքրքիր մի բան է խոստանում:
Հաղորդվում է, որ չինական Huawei ընկերությունը հատուկ կանանց համար մշակված «խելացի» ժամացույց կներկայացնի: Նման գաջետներ են պատրաստվում ներկայացնել նաև մի քանի նոր սթարթափեր:
Ֆրանսիական Atol ֆիրման ներկայացնում է արտաքնապես սովորական ակնոց, որը մոռացկոտ տիրոջ սմարթֆոնի հավելվածին հայտնում է, թե նա այն որտեղ է դրել:
In&motion ընկերությունը ներկայացնում է առաջին «խելացի անվտանգության բարձիկը» լեռնադահուկորդների համար:
Իսկ Digitsole ֆիրման ներկայացնում է ինքնակապվող կապիչներով կոշիկներ:










































