Մամուլի ազատության համաշխարհային օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի գիշատիչների» ավանդական ցուցակը, որում հայտնվել է պետությունների ղեկավարների, քաղաքական, կրոնական, գործիչների, զինվորականների 39 անուն: Այդ անձինք մասնակցել են սպանությունների, առևանգումների, կտտանքների, հետապնդումների, այդ թվում նաև՝ լրագրողների հանդեպ:
Ինչպես հաղորդում է Cobtact.az-ը, այս տարի, ինչպես և 2012թ., 39 «գիշատիչների» ցուցակում հայտնվել են Ադրբեջանի երկու ներկայացուցիչ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը և նրա հավատարիմ համախոհ, պետական գործիչ Վասիֆ Տալիբովը:
«Մամուլի գիշատիչները գնալով ավելի ակտիվ են դառնում: 2012թ. աշխարհում մամուլի դեմ բռնությունը հասել է աննախադեպ մակարդակի, սպանվել են ռեկորդային թվով լրագրողներ»,- նշել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը:
Այս տարի կազմակերպությունը հրապարակել է նաև յուրատեսակ էսսե յուրաքանչյուր «գիշատչի» անունից, որը պատմում է իրենց «արժանիքների» մասին:







































