Ուրբաթ երկու պայթյուն է որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Համացանցում տեղադրվել է տեսանյութ, որում, ամենայն հավանականությամբ, պատկերված է հրդեհը, որը բռնկվել է օդանավակայանում պայթյուններից հետո:
Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են, որ օդանավակայանում գտնվող ինքնաթիռներից մեկն այրվել է: Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում: Որոշ տվյալների համաձայն՝ պայթյունները տեղի են ունեցել զինամթերքի պահեստում:
Նշենք, որ Associated Press գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, հաղորդում է, որ Սիրիայի արևմուտքում՝ Բեյդա բնակավայրում, կառավարական զորքերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Գործակալության հաղորդմամբ՝ Բեյդայում կառավարական զորքերի և ընդդիմության միջև մարտերը ծավալվել են հինգշաբթի առավոտյան: Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 100-ի:









































