Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագիծը, սակայն քվեարկությունը մի քանի րոպեով ընդհատվեց:
«Կուլտուրա ունեցեք, խոսքս ավարտեմ, նոր դուրս եկեք: Եվ վերջապես՝ ինչի՞ համար են պատգամավոր:
Միջանցքում կանգնած իմ գործընկերներին զգուշացնում եմ, որ պատգամավորները միայն քվեարկելու համար չեն, այլ նիստերի աշխատանքներին մինչև վերջ մասնակցելու»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` քարտուղարությանը հանձնարարելով, որպեսզի օրը 3 անգամ ներկա-բացակա անեն և դահլիճից դուրս գտնվողների անունները տեղադրեն ԱԺ կայքում.
ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ զանգվածային լրատվամիջոցները այդ անունները պետք է հրապարակեն, որպեսզի ընտրողներն իմանան` ովքեր են այդ պատգամավորները և իրենք ում են ընտրել, «որպեսզի հաջորդ անգամ նրանց չգործուղեն Ազգային ժողով»:
Իսկ ավելի ուշ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորների բացակայությունները նախ՝ կփորձի կարգավորել խմբակցությունների ղեկավարների միջոցով, իսկ եթե դա էլ չօգնի, նա պատժի ինչ-որ մեխանիզմներ կսահմանի, օրինակ՝ չի վճարի բացակայող պատգամավորների աշխատավարձը: Նա չբացառեց նաև մանդատից զրկելու հնարավորությունը:
Լրագրողների հարցին՝ մանդատից զրկելը և պատժելը վերաբերում է նաև Ծառուկյանի՞ն, ԱԺ նախագահը պատասխանեց՝ վերաբերում է բոլորին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































