Չորեքշաբթի ԱՄՆ-ում 51-ամյա Վրեժ Զադուրյանը առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2005թ. տան կողոպուտի ժամանակ Գլենդելի բնակչի սպանության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Glendale News-Press-ը:
Վրեժ Զադուրյանը դատապարտվել է մարտին՝ 2005թ. նոյեմբերի 1-ին 20-ամյա Քրիստոֆեր Շահնազարի սպանության և կողուպուտի նպատակով Քրիստոֆեր Շահնազարի եղբոր՝ Սևան Շահնազարի տուն ներխուժելու մեղադրանքով:
Քրիստոֆեր Շահնազարը սպանվել է այն բանից հետո, երբ մտել է Գլենդելի Բրյուս փողոցի վրա գտնվող իրենց տուն և հայտնաբերել, որ երեք կամ չորս մարդուց բաղկացած հանցագործների խումբը կապել է իր մոր աչքերը և ծեծում է նրան: Քրիստոֆերի մորը հաջողվել է փախչել տանից, որից հետո հանցագործները կրակել են նրա որդու վրա: Քրիստոֆեր Շահնազարը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքից:
Ոստիկանությունը ձերբակալել էր նաև Էդմոնդ Օվասափյանին: Շահնազարի մոր վկայությամբ՝ նա նման է հանցագործներից մեկին: Սակայն ավելի ուշ Օվասափյանին ազատ են արձակել հանցագործության վայրից վերցրած ԴՆԹ անալիզի արդյունքների հիման վրա:
Զադուրյանի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններից:
Ատենակալների որոշման համաձայն՝ Օվասափյանը 1.31 միլիոն դոլար է ստացել այն բանից հետո, երբ դատական հայց է ներկայացրել քաղաքի և երկու ոստիկանների դեմ՝ իր քաղաքացիական իրավունքները ոտնահարելու համար:









































