Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է Աշխատանքի տոնը, որը, սակայն, շատ հարաբերական է: Հայաստանում հարաբերական են ընդհանրապես գրեթե բոլոր տոները, քանի որ դրանք գրեթե չունեն օրվա խորհրդին համարժեք առօրյա բազա: Նույնն է նաև հատկապես այս դեպքում:
Աշխատանքը Հայաստանում աշխատողների գերակշիռ մասի համար վերածվել է բեռի, որովհետև մարդիկ այդ աշխատանքով չեն կարողանում հոգալ իրենց կարիքները, փոխարենը ավելանում են նորանոր հոգսեր՝ բարոյահոգեբանական բնույթի: Աշխատանքը Հայաստանում զգալի մասի համար ընդամենը գոյության միջոց է, փոխարենը դրա դիմաց նրանք վճարում են մարդկային առողջությամբ և արժանապատվությամբ:
Խորհրդանշական է, որ Աշխատանքի տոնը Հայաստանը դիմավորեց «Նաիրիտի» բանվորների հերթական բողոքով, «Մալաթիայի» տոնավաճառի աշխատակիցների գործադուլով: Բազմաթիվ են այլ ոլորտների աշխատակիցների խնդիրները: Այդ ամենի լուծումը պետք է տա Աշխատանքային օրենսգիրքը, սակայն Հայաստանում այն ընդամենը ցուցանակ է, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որովհետև Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճումը պետական գործառույթները դրել է խոշոր բիզնեսի տրամադրության տակ և ծառայեցնում է այդ բիզնեսի նպատակներին:
Ի վերջո՝ չափազանց խոսուն է այն հանգամանքը, որ երկրում և՛ իշխանությունն է խոշոր բիզնես ներկայացնում, և՛ ընդդիմությունը կամ ընդդիմության զգալի մասը՝ ի դեմս այդպիսին ներկայացող ԲՀԿ-ի կամ ի դեմս այն ուժերի, որոնք փորձում են ԲՀԿ-ին ներկայացնել այդպիսին, անշուշտ՝ ոչ առանց համապատասխան փոխհատուցման: Օբյեկտիվ է այդ վիճակը, թե սուբյեկտիվ, հեռանկար ունի, թե ոչ՝ այլ խոսակցության թեմա է, և այս պահին խնդիրը դա չէ, այլ փաստն այն է, որ և՛ ընդդիմության դաշտում է դոմինանտ խոշոր կապիտալը, խոշոր բիզնեսը, և՛ իշխանության դաշտում:
Բնական է, որ այս պարագայում հասարակությունը այդ խոշոր կապիտալի համար ընդամենը շահերի սպասարկման հումք է, որը, այսպես ասած, ընդդիմադիր պայքարում մի ֆունկցիա ունի, իսկ բիզնես ոլորտում՝ մեկ այլ ֆունկցիա, և երկու դեպքում էլ հասարակության շահերն ու իրավունքները ստորադասվում են կապիտալի բարոյականությանը: Արդյունքում քաղաքացին Հայաստանում շահագործման է ենթարկվում և ֆիզիկապես, և բարոյապես, իսկ աշխատանքի տոնը վերածվում է հերթական կեղծիքի, երբ խոշոր կապիտալը հանդես է գալիս իր իսկ շահագործած հասարակության հասցեին շռայլ կենացերով, որոնց համար հետո այդ նույն հասարակությունը վճարելու է չնչին աշխատավարձերով և աշխատանքային անմարդկային պայմաններով:








































