Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մերձավոր խորհրդականներից մեկը՝ Մեհդի Թաեբը, հայտարարել է, որ հրեաներն ամենուր օգտագործում են կախարդանք, որպեսզի վնասեն Իսլամական Հանրապետությանը՝ գրում է The Jerusalem Post-ը:
«Հրեաները կախարդանքի ոլորտում տիրապետում են ահռելի գիտելիքների ու հնարավորությունների, ընդ որում՝ նրանք դա ակտիվորեն կիրառում են»,- հայտարարել է Թաեբը՝ հանդես գալով Ահվազում կրոնական սեմինարին:
Նրա տվյալներով՝ «սիոնիստներն են պատասխանատվություն կրում Իրանի դեմ ուղղված անարդար պատժամիջոցների համար»:
Մասնավորապես, Թաեբը բացատրել է, որ հրեա կախարդները ԱՄՆ-ը դարձրել են «զենք իրենց ձեռքում», որի օգնությամբ հասել են Իրանի դեմ առևտրային սահմանափակումների:
Նրա խոսքով՝ դրանով, սակայն, մութ ուժերը չեն սահմանափակվում՝ սև մոգության միջոցով նրանք փորձել են ազդել 2009թ. Իրանի նախագահական ընտրությունների վրա:
Այաթոլլան ընդգծել է, որ կախարդները ամբողջ ուժով ձգտում էին թույլ չտալ Իրանի նահագահ Մահմուդ Ահմադինեժադի ընտրությունը
«Նրանք դեռ չեն կարողանում կախարդել մեզ ամբողջ ուժով: Նրանց հնարավորությունները Իրանը կասեցրել է»- հավելել է նա՝ նկատելով, որ մութ ուժերը պարտվել են, և, այնուամենայնիվ, Ահմադինեժադը դարձել է երկրի ղեկավար:
Համաձայն իրանական օրենքների՝ կախարդությամբ զբաղվելը համարվում է հանցագործություն: Այդ երկրում պարբերաբար ձերբակալում ու դատում են գուշակներին, պայծառատեսներին ու մոգության մեջ կասկածվողներին:








































