Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ով գտնվում է եվրոպական շրջագայության մեջ, երկուշաբթի օրը Ֆինլանդիայի լրագրողներին հայտարարել է, որ երկրի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ից օպերատիվ ծախսերի համար գումարներ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է աֆղանական «Պաժվակ» գործակալությունը:
Ինչպես երկուշաբթի օրը տեղեկացրել է New York Times թերթի ինտերնետ-պորտալը, ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են, որ Աֆղանստանի նախագահի մերձավորներին «Թալիբան» շարժման ոչնչացման համար գումարներ են փոխանցել, սակայն դա չի օգնել գրոհայինների դեմ պայքարում, այլ միայն կաշառակերություն է տարածել: Վկայակոչելով ԱՄՆ-ի և Աֆղանստանի պաշտոնյաներին՝ հրատարակչությունը տեղեկացնում է, որ ավելի քան 10 տարի ՀԿՎ-ն ֆինանսավորել է Աֆղանստանի նախագահի աշխատակազմին:
Համիդ Քարզայի խոսքերով՝ այդ գումարները պաշտոնյաների բուժօգնության, շինությունների վարձակալման և այլ օպերատիվ կարիքներ հոգալու նպատակով են օգտագործվել: Քարզայը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար, ասելով, որ այն իր «վարչակազմին շատ է օգնել»:
New York Times-ի կայքը մեջբերել է Քարզայի վարչակազմի պաշտոնյաների խոսքերը, ովքեր պատմել են, թե ինչպես են այդ գումարներով կաշառվել դաշտային հրամանատարները, որոնցից շատերը կապված են եղել թալիբների հետ: Հրատարակչությունը նշել է, որ ՀԿՎ-ն հրաժարվել է մեկնաբանել այդ հոդվածը։









































