ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը մտահոգություն էին հայտնել, թե Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին մարզերից Երևանում գրանցվող մարդիկ կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր ժամանակներում էլ մարզերից Երևանում գրանցվողներ լինում են, բայց եթե իրենց մտահոգությունն այն է, թե նրանք կարող են մասնակցել գալիք ընտրություններին, ապա ընտրությունների օրը նշանակելուց ի վեր բացառվում է, որ նրանք հայտնվեն ընտրական ռեգիստրում և հետևաբար՝ կարողանան գնալ ընտրությունների:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նախագահական ընտրությունների ժամանակ շուրջ 7 հազարով ավելի քիչ մարդ էր գրանցված Երևանում, Հ․ Քոչարյանն ասաց. «Նախ՝ 7 հազար չէ․ նրանք համեմատում են նախագահական ընտրությունների նախնական ցուցակի տվյալները Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալների հետ։ Ասեմ, որ 3 հազար… մի քիչ ավել է, ընդ որում դրանից միայն 3375-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք են:
Ի տարբերություն համապետական ընտրությունների՝ Երևանի ընտրություններին հնարավորություն ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այսինքն ցուցակներում այս թիվն աճել է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց»:
Հովհաննես Քոչարյանը մասնավորեցրեց, որ խոսքը վերբերում է փախստականներին, կացության հատուկ կարգավիճակ և ժամակավոր ու մշտական կացության իրավունք ստացածներին. «Ասեմ ավելին՝ ամսի 24-ին ընտրողների թիվը տրամադրեցինք, և կարող եմ ասել, որ նրանց թիվը պակասել էր 1075-ով։ Եթե այդպիսի զանգվածային գրանցումներ անեինք, ապա պետք է աճեր»:








































