Քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրի մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ակցիան ավարտվեց:
Ինչպես տեղեկացրեց նախագահական նստավայր հրավիրված 5 նաիրիտցիներից մեկը, նախագահականում իրենց որևէ նոր խոստում չեն տվել. նախագահականում նաիրիտցիներին տվեցին նույն խոստումը, ինչ կառավարությունում: Ըստ նրա՝ իրենց խոստացել են մի աշխատավարձը վճարել վաղը, մյուսը՝ 20 օրվա ընթացքում:
Նաիրիտցիներին այս որոշումը չգոհացրեց, սակայն նրանք որոշեցին քայլեր ձեռնարկել երկրորդ աշխատավարձը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ոչ միայն աշխատավարձեր, այլև «Նաիրիտ» գործարանի կարգավիճակի հստակեցում: Նրանցից մեկն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց համար պարզ չէ՝ անգո՞րծ են, թե՞ աշխատանք ունեն:





































