Սիրիական կառավարությունը հարկ է սահմանում շաուրմայի վրա՝ լցնելու համար պետական գանձնարանը, որը դատարկվել է 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Այն բանից հետո, երբ իշխանությունները կորցրեցին վերահսկողությունը երկրի նավթային ու գազային ռեսուրսների մեծ մասի նկատմամբ, ինչպես նաև բախվեցին պատժամիջոցների, որոնք խոչընդոտում են արտահանմանը, տեղի արժույթը փլուզվեց, և սիրիացիների եկամուտները հասան նվազագույնի։
«Անցած շաբաթ ստիպված եղա շաուրմայի համար վճարել 220 սիրիական ֆունտ» (1 դոլար)՝ սովորաբար վճարվող 200-ի փոխարեն, և ռեստորանի տերն ինձ ասաց, որ դա յուրաքանչյուր շաուրմայից գանձվող նոր՝ 10 տոկոսանոց հարկի պատճառով է»,- ասել է Դամասկոսի 50-ամյա բնակիչ Թահսինը։
Պարբերականը նշում է, որ զբոսաշրջության նախարարությունը սահմանել է նաև ռեստորանային հարկ։ Կառավարությունը կրճատել է նաև հացի սուբսիդավորումը և բարձրացրել ջրի ու էլեկտրականության գինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Սիրիայի միջև անցկացվում են բանակցություններ սիրիական ապրանքների համար զրոյական տուրքի սահմանման մասին։







































