«Սահմանադրության հանրաքվեն մեր երկրում ստեղծեց աննախադեպ քաղաքական իրավիճակ՝ առաջին անգամ միջազգային դիտորդները տալիս են իրավիճակին համապատասխան գնահատականներ: Իսկ հանրաքվեի արդյունքները դեռ ամփոփված չեն, և կարևոր է, որպեսզի մինչ այդ հանրությունը ցույց տա իր վերաբերմունքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
Վերջինիս խոսքով՝ խախտվել է մեր ժողովրդի ոչ միայն ընտրական, այլև միջազգային իրավունքը, ուստի այս վիճակին միջամտելու ավելի շատ լծակներ կան. «Հայաստանի քրեական ռեժիմը երբեք չի ունեցել միջազգային հանրությանը հակադրվելու ռեսուրս: Եվ այժմ փողոցներում կուտակած ոստիկանության ուժերով փորձում են մարդկանց հետ պահել բողոքի արտահայտման ձևերից: Մեր առաքելությունն է հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր քաղաքացիները իրենց բողոքը կարողանան ներկայացնել»:
Անդրեաս Ղուկասյանը հանրահավաքների ոչ բազմամարդությունը պայմանավորում է մարդկանց շրջանում վախի մթնոլորտով, որից իրենք ձգտում են ձերբազատել նրանց. «Իսկ հիասթափության մասին խոսքերը իրականում քողարկում են քաղաքացիների շրջանում ձևավորված վախը, որովհետև այսօր մեր հանրությունը շատ կետերով կախված է ռեժիմից»:
«Նոր Հայաստան»-ը կարծում է, որ ոստիկանության հետ ուժային գործողությունը պետք է կիրառվի ճիշտ ժամանակին, ճիշտ քաղաքական իրավիճակում. «Հայաստանում ոստիկանական ուժերը մոտ 18,5 հազար են, որևէ անհնազանդության գործողություն ազդեցիկ է, եթե համախմբվում են 30-40 հազար քաղաքացիներ: Այդ դեպքում ոստիկանական ուժը անհնար կլինի կիրառել և առանց բախումների հնարավոր լինի իրավիճակին թելադրել քո կամքը: Իսկ 3-5 հազարը այն անհրաժեշտ քանակը չէ, որ կարողանաս նման էներգիայով իշխանություններին հարկադրել վիճակներ»:










































