Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում զենքի վաճառքն ավելացել է դեկտեմբերի 2-ի զանգվածային հրաձգությունից հետո: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
Նշվում է, որ 100 000 բնակչությամբ քաղաքում զենքի 6 խանութ կա: Բնակչության մեկ շնչի հաշվով խանութների թվով Սան Բեռնարդինոն կրկնակի գերազանցել է հարևան Լոս Անջելեսին, նշում է պարբերականը: Տերերն ասում են, որ տեղի ունեցած ողբերգությունից հետո բիզնեսը ծաղկում է, քանի որ քաղաքացիները վախեցած են և ուզում են պաշտպանել իրենց:
Get Loaded զենքի խանութի տեր Թերի Մաքքգիրը պարբերականին ասել է, որ վերջին շաբաթում վաճառքն ավելացել է 25%-ով: Նրա խոսքով՝ իր գնորդների մեջ շատ կանայք են եղել:
Քաղաքի շերիֆի տեղակալ Ադամ Սերվանտեսը նշել է, որ դեկտեմբերի 5-6-ը զենք ստանալու 75 հայտ է ներկայացվել, ինչը մոտ 7 անգամ գերազանցում է սովորական ցուցանիշը:
Սայեդ Ռիզվան Ֆարուքը և նրա կինը՝ Տաշֆին Մալիքը, երկու ինքնաձիգներով ու երկու ատրճանակներով զինված Սան Բեռնարդինոյում սպանել են 14 և վիրավորել 21 մարդու։ Մի քանի ժամ անց ոստիկանությունը վերացրել է նրանց երկուսին էլ, որոնք կրակոցներից հետո դեպքի վայրից փախուստի էին դիմել։







































