Ապրիլի 27-ին Եմենի մայրաքաղաք Սանա’այում տեղի ունեցած ցույցը ցրելու ժամանակ կան զոհեր: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդել են մայրաքաղաքի հիվանդանոցի բժիշկները` ցուցարարների վրա են հարձակվել ուժային կառույցների ներկայացուցիչները: Բժիշկները հայտնել են, որ դեղորայքի սղություն կա` կոչ անելով միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել արաբական այդ երկրին: Այս պահին հայտնի է 11 զոհի մասին:
Զոհերի մասին լուրի հայտնվելը կարող է բացասաբար ազդել այս օրերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում տեղի ունեցող բանակցությունների վրա, որտեղ Եմենի իշխանություններն ու ընդդիմությունը քննարկում են Պարսից ծոցի արաբական երկրների կողմից ներկայացված կարգավորման ծրագիրը, որով նախատեսվում է, որ գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, որի հրաժարականն արդեն մի քանի շաբաթ է՝ պահանջում է բնակչության մեծամասնությունը, պետք է հրաժարական տա` ստանալով անձնական անվտանգության երաշխիքներ:










































