Անգլիայի հյուսիս-արևմուտքում սահմանված է սպառնալիքի ամենաբարձր` «կարմիր» մակարդակը` կապված տարածաշրջան Դեսմոնդ փոթորկի գալու հետ: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության գլխավոր օդերևութաբանական ծառայությունը:
Ներկայումս առավել ծանր դրություն է Քամբրիա կոմսությունում, որտեղ ջրի մակարդակի կտրուկ բարձարցման պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել տարհանել բնակիչներին հենց իրենց տներից, մասնավորապես` Քեզիք և Էփլբայ փոքրիկ քաղաքներից: Սպասվում է, որ առաջիկա ժամերին տարածաշրջանում կարող են լինել մինչև 150 մմ տեղումներ, որը կարող է հանգեցնել քաղաքների և գյուղերի ամբողջական կամ մասնակի ջրասուզման:
Ավելորդ խնդիրներ կստեղծի ուժեղ քամին, որի արագությունը տարածաշրջանում հասնում է 120 կմ/ժ-ի: Փոթորկի պատճառով խախտված է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են տասնյակ ճանապարհներ:
Նշվում է, որ փոթորիկը կարող է «անմիջական սպառնալիք ներկայացնել կյանքին» և տեղի բնակիչների առողջությանը:





















































