Երեկ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով կան զոհեր: Աֆղանստանի ռազմաօդային ուժերի նախկին օդաչուն կրակ էր բացել մի խումբ ամերիկացիների ուղղությամբ` սպանելով 9 զինվորականի և մեկ քաղաքացիական մասնագետի: Նրանք բոլորն էլ եղել են ԱՄՆ քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պենտագոնն արդեն հաստատել է ԱՄՆ 9 քաղաքացիների մահվան փաստը: Սկզբից այս միջադեպի պատասխանատվությունը ստանձնեց «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, որը հաղորդագրություն էր ուղարկել լրագրողներին: Հետագայում պարզվել է, որ օդաչուն կապ չունի այդ խմբավորման հետ, իսկ կրակահերթ արձակելու պատճառը եղել է ամերիկացիների հետ ծագած վեճը:
Այս միջադեպը նմանօրինակ միջադեպներից ամենալուրջն է Աֆղանստանում 2001 թ. սկսված ռազմական գործողություններից ի վեր:











































