Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի խոցումից հետո լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանը կարող է կասեցնել Թուրքիային գազի մատակարարումը։
Այդ կապակցությամբ Թուրքիայում սկսել են քննարկել գազի պահեստավորումը մեծացնելու հարցը։ Ընդգծվում է, որ ներկա դրությամբ Թուրքիայում պահեստավորված գազը նրան կբավականացնի միայն 14 օր։ Թուրքիան ունի պատրաստի վիճակում գտնվող մեկ գազապաստարան, որը գտնվում է Սիլիվրիում և շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Երկրորդ գազապաստարանը կառուցվում է Թուզ լճի հատակին։ Այն կկարողանա պահեստավորել 2.6 միլիարդ խորանարդ մետր գազ։ Գազապաստարանի կառուցման առաջին փուլն ավարտվելու է 2016 թվականին, այդ ժամանակ նա կկարողանա պահեստավորել միայն 500 միլիոն խորանարդ մետր գազ։ Մինչդեռ ձմեռային ամիսներին Թուրքիայում գազի օրական պահանջարկը հասնում է 230 միլիոն խորանարդ մետրի։ Թուրքիան նախորդ տարի գնել է 7.2 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ, ինչը կազմում է բնական գազի ողջ ներկրման 14.78 տոկոսը։
2005-2013 թվականներին Թուրքիան 26.7 տոկոսով մեծացրել է հեղուկացված գազի ներկրումը։ Թուրքիայում կա հեղուկացված գազի ընդունման միայն երկու տերմինալ, որոնք պատկանում են BOTAŞ պետական ընկերությանը։ Դրանցից մեկը գտնվում է Մարմարայի շրջանի Էրեղլի վայրում, տարեկան հզորությունը կազմում է 6.2 միլիարդ խորանարդ մետր, իսկ մյուսը՝ Իզմիրի նահանգի Ալիաղա վայրում։ Այս տերմինալի տարեկան հզորությունը կազմում է 6 միլիարդ խորանարդ մետր։
Հիշեցնենք, որ Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրության 45-50 տոկոսը բաժին է ընկնում հենց գազին։ Բացի այդ, գազն օգտագործվում է արդյունաբերական ոլորտում՝ 25 տոկոս, կենցաղային ոլորտում՝ 20 տոկոս, և այլն։
Թուրքիան երկրում սպառվող գազի 98 տոկոսը ներկրում է արտերկրից. նախորդ տարի ներկրել է ավելի քան 49 միլիարդ խորանարդ մետր գազ, որի գրեթե 55 տոկոսը՝ 27 միլիարդ խորանարդ մետր, բաժին է ընկել Ռուսաստանին։ Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ գազամատակարարն է։ Թուրքիան, իր հերթին, ռուսական «Գազպրոմի» երկրորդ խոշոր գնորդն է Եվրոպայում՝ Գերմանիայից հետո։







































