Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Nokta պարբերականի ղեկավարությանը սպառնում է տևական ժամկետով ազատազրկումներ՝ կապված նոյեմբերի 2-8-ին պարբերականի հրապարակման հետ։
Հաղորդվում է, որ պարբերականի խմբագիր Ջևհերի Գյուվենն ու գրավոր հարցերով պատասխանատու տնօրեն Մուրաթ Չափանը մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ զինված ապստամբություն բարձրացնելու» կոչերի համար։
Ստամբուլի հանրապետական դատախազության պատրաստած 32 էջանոց մեղադրականում պահանջվում է նրանցից յուրաքանչյուրին ազատազրկման դատապարտել 15-20 տարով։ Մասնավորապես, նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Nokta պարբերականը թողարկվել էր՝ շապիկին «Նոյեմբերի 2՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկ» գրառմամբ։









































