Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան բաց է պահում Մոսկվայի հետ շփման աղբյուրները։ Դավութօղլուն ընդգծել է, որ Սու-24-ի միջադեպը չպետք է դիտարկել որպես Ռուսաստանի դեմ հարձակում։
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիայի համար Ռուսաստանը բարեկամական կարևոր երկիր է. «Նրա հետ մենք ունենք վերին աստիճանի ուժեղ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապեր։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է տուժեն այսօրինակ միջադեպերից։ Ռուսաստանը մեր բարեկամն է, մեր կարևոր գործընկերը։ Ներկա դրությամբ կապի աղբյուրները բաց են։ Սակայն մեր անվտանգության հանդեպ պետք է լինի հարգալից վերաբերմունք»։
Դավութօղլուն կոչ է արել անահապաղ դադարեցնել Սիրիայի հյուսիսում թուրքմենների վրա հարձակումները՝ ընդգծելով, որ իրենց համար անընդունելի է, որ դրանք արվում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակի ներքո. «Բայըրբուջաքի տարածաշրջանում չկա ԴԱԻՇ-ի մեկ տարր»։









































