Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և ցավակցություն է հայտնել ռուսական «Սու-24» ռմբակոծիչի կործանման կապակցությամբ, որը նոյեմբերի 24-ին խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք թուրքական կողմի պարզաբանմանը սպասում էինք երեկ և ավելի բարձր մակարդակով, սակայն լավ է ուշ, քան երբեք»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Չավուշօղլուն իր հետ զրույցում ասել է, որ թուրք դիսպետչերները չեն իմացել խոցված ինքնաթիռի ազգային պատկանելության մասին. «Թուրքիայի արտգործնախարարն ասաց, որ չնայած բազմակի զգուշացումներին, ինքնաթիռը մի ամբողջ 17 վայրկյան գտնվել է Թուրքիայի օդային տարածքում։ Ասաց, որ թուրք դիսպետչերներն ու օդաչուները չեն իմացել, որ դա ռուսական ինքնաթիռ է, քանի որ այնտեղ թռչում են նաև Սիրիայի ռազմաօդային ուժերը»։
Այդ կապակցությամբ Լավրովը Չավուշօղլուին հիշեցրել է 2012 թվականին վարչապետ եղած ժամանակ Էրդողանի արած հայտարարությունը, որն արվել էր սիրիացի զինվորականների կողմից թուրքական F-4 Phantom ինքնաթիռը խոցելուց հետո, որը խախտել էր Սիրիայի օդային սահմանները։
Այն ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ օդային տարածքի կարճատև խախտումը չի կարող ուժի կիրառման պատրվակ լինել։ Լավրովը ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածը նմանեցրել է ծրագրված սադրանքի։










































