Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Համաշխարհային բանկը հաստատել է ջրօգտագործողների ասոցիացիայի զարգացման նախագծի շրջանակներում Ադրբեջանին 80 միլիոն դոլարի վարկի տրամադրումը: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակը:
Այդ գումարից 76.8 միլիոն դոլարը հատկացվելու է Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) պայմաններով, իսկ 3.2 միլիոն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD)։
Նախագծի ընդհանուր բյուջեն կազմելու է 114.3 միլիոն դոլար, քանի որ Ադրբեջանի կառավարությունն իր հերթին դրան հատկացնելու է 34.3 միլիոն դոլար:
Նախագծի շրջանակներում վերականգնվելու են գրեթե 3000 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ու դրենաժային ջրանցքներ, ինչը կնպաստի 760.000 փոքր ֆերմերների արտադրողականության աճին:
Նշվում է, որ Ադրբեջանը Համաշխարհային բանկին անդամակցել է 1992 թվականին և մինչ այս` 43 նախագծերի շրջանակներում նրանից ստացել է 2.9 միլիարդ դոլարի ֆինանսավորում: