Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքային օրերին վաղ արթնանալու և կորցրած քունը հանգստյան օրերին վերականգնելու սովորույթը կարող է հանգեցնել դիաբետի, ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի։ Այս մասին բժիշկները հայտնել են Journal of Clinical Endocrinology & Metabolism-ում հրապարակած հոդվածում։
Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) ներկայացուցիչ Պատրիսիա Վոնգը հայտարարել է, որ իրենց կատարած աշխատանքը առաջին հետազոտությունն է, որին հաջողվել է ցույց տալ, որ անգամ առողջ հասուն մարդիկ, որոնք ապրում են գրեթե նորմալ կենսակերպով, կարող են ունենալ նյութափոխանակության լուրջ խանգարումներ, որոնք էլ կարող են հանգեցնել ճարպակալման, դիաբետի ու սրտային հիվանդությունների զարգացման։
Վոնգն ու նրա գործընկերները նման եզրահանգման են եկել 30-55 տարեկան մոտ 500 տղամարդկանց ու կանանց առողջությանը հետևելուց հետո։







































