Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրել է սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարման վրա դրված արգելքը, որոնք ուղիղ կապված են Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի և Արակում ծանր ջրով գործող ռեակտորի վերափոխման հետ։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այսուհետ պետական բոլոր հիմնարկները, արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, տրանսպորտային և մյուս կազմակերպությունները, վարկային կազմակերպությունները պետք է իրենց գործունեությունը վարեն տվյալ հրամանագրին համապատասխան։
«Վեցյակի» և Իրանի միջև հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված միջուկային համաձայնագրով Ֆորդայի հարստացման գործարանը պետք է վերափոխվի բժշկական ու արդյունաբերական նպատակների համար կայուն իզոտոպոներ արտադրող ձեռնարկության։
Բացի դրանից՝ «վեցյակի» երկրներն Իրանին օգնելու են Արակի ռեակտորի վերափոխման հարցում, որպեսզի անհնար դառնա դրանում ռազմական պլուտոնիումի արտադրման հնարավորությունը։ Պուտինի ստորագրած հրամանը վերացնում է Իրանից հարստացված ուրանի ներկրման հետ կապված սարքավորումների մատակարարման արգելքը։









































