Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը դիտարկելու է արտերկրից ուղարկվող, 22 եվրոյից բարձր և 1 կիլոգրամից ծանր բոլոր ծանրոցների հանդեպ 15 եվրոյի չափ հարկ սահմանելու հնարավորությունը։ Այդ մասին թերթին հայտնել է նրա իրազեկ աղբյուրը։
Ռուսական օնլայն ռիթեյլերների կարծիքով՝ դա կօգնի իրենց՝ մրցակցելու համար AliExpress-ի ու eBay-ի հետ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հաստատել են, որ էլեկտրոնային առևտրի մաքսատուրքերի հարցն իսկապես ընկած է նիստի օրակարգում։ Ակնկալվում է, որ մաքսային վճարներից կազատվեն 22 եվրոյից էժան և 1 կիլոգրամից ցածր քաշ ունեցող ծանրոցները, իսկ դրանից բարձր ծանրոցների համար սահմանել 15 եվրոյի հարկ։ Եթե ծանրոցի քաշը գերազանցի 10 կիլոգրամը, իսկ (և/կամ) արժեքը՝ 150 եվրոն, ապա 15 եվրոյին կհավելվի մաքսային արժեքի 30 տոկոսը։