Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ միջազգային դաշինքի ստեղծումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ Այդ մասին չեխական հեռուստատեսության եթերում հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին։
Նա ընդգծել է, որ արդեն իսկ բոլորին հայտնի է, որ ԴԱԻՇ-ի դեմ դաշինքի ստեղծումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ Մարտին Ստրոպնիցկին հավելել է, որ նման դաշինք ձևավորելն ավելի հեշտ կլիներ, եթե Ռուսաստանը լիներ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։
Նրա խոսքով՝ եթե ԴԱԻՇ-ի դեմ ձեռնարկվի միջազգային ցամաքային գործողություն, ապա Չեխիան կարող է դրա համար տրամադրել 100-200 զինծառայող։ Ստրոպնիցկին կարծիք է հայտնել, որ ցամաքային գործողությունը կարող է հանգեցնել միգրացիոն ճգնաժամի խորացմանն ու ԵՄ-ում ահաբեկիչների ակտիվացմանը։