Ոստիկանության Կապանի բաժանմունքում նոյեմբերի 20-ին ահազանգ է ստացվել քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ տեղադրված լինելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ոստիկանությունից համապատասխան ահազանգը ստանալուց հետո իրենք էլ տեղյակ են պահել մարզային փրկարարական ծառայությանը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:








































