Սերբիան սահմանափակել է իր սահմաններով ներգաղթյալների մուտքը. այժմ երկիրը թույլ է տալիս անցնել միայն Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից փախստականներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ին:
Սերբիա մուտքի հարցում մերժում են աֆրիկացիներին և ասիացիներին: Սահմանափակումները սկսել են գործել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես 6-ին: Ներգաղթյալները ստիպված են եղել վերադառնալ Մակեդոնիա:
Սակայն, ՄԱԿ-ի տեղեկությամբ, Մակեդոնիան նույնպես փակել է սահմանը գիշերվա ժամը 3-ին մոտ: Երկիր չեն թողնում Մարոկկոյից, Պակիստանից, Շրի-Լանկայից, Սուդանից և Լիբերիայից ներգաղթյալներին: Որպես հետևանք՝ մոտ 100 մարդ մնացել է 2 սահմանների միջև:
Reuters-ը, հղում անելով Սերբիայում անանուն պաշտոնյային, հավելում է, որ այդ որոշումը կապված է նույնպես Աֆրիկայից և Ասիայից ներգաղթյալներին ներս չթողնելու վերաբերյալ Սլովենիայի հայտարարության հետ:
Սլովենիան, գործակալության տեղեկությամբ, իր որոշումը բացատրել է նրանով, որ աֆրիկացի և ասիացի ներգաղթյալները տնտեսական ներգաղթյալներ են, ոչ թե փախստականներ:








































