Ադրբեջանական Azadliq թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Անթալիա նահանգում օրեր առաջ մասնակցեց G20-ի գագաթնաժողովին, սակայն անհնար է դա ընդհանրապես հաջողություն որակել երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից։
Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը այդ գագաթնաժողովի շրջանակներում չի կարողացել ունենալ որևէ երկկողմ հանդիպում՝ չհաշված տանտիրոջը՝ Թուրքիայի իշխանություններին։ Կառավարամետ թերթերը ներկայացրել են Ալիևի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը, սակայն դա ընդհանրապես կրել է ձևական բնույթ (ավելի վաղ Haqqin.az պորտալը գրել էր, որ Օբաման Ալիևին տեսնելով՝ ողջունել էր նրան և ասել, որ ուրախ է նրան այստեղ տեսնելու համար -1in.am):
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու արևմտյան երկրների առաջնորդները երկկողմ հանդիպում չեն ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն մեջլիսի նախագահ Հասան Քերիմովն այդ կապակցությամբ հայտարարել է. «G20-ի գագաթնաժողովին Իլհամ Ալիևի մասնակցության վերաբերյալ պայմանավորվածություն է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև։ Օբաման Ալիևի հետ խոսել է՝ ելնելով միջազգային էթիկայի կանոններից։ Օբաման G20-ի շրջանակներում որևէ հանդիպում չէր էլ ծրագրել Ալիևի հետ։
Գագաթնաժողովին մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու պետությունների ղեկավարները քաջածանոթ են ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում տիրող (վատթար) վիճակին, ինչի համար էլ նրանք թեմա չեն ունեցել Իլհամ Ալիևի հետ քննարկելու»։
Քերիմովը զարմանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունների ներքո գտնվող մամուլը, որն, ի դեպ, երկար ժամանակ խստորեն քննադատում է ԱՄՆ-ին ու ԱՄՆ նախագահին, բավական լայնորեն լուսաբանել է G20-ի գագաթնաժողովում Ալիևի ու Օբամայի հանդիպումը, որը տևել է հաշված վայրկյաններ։








































